Սերգեյ ՖՈՒԴԵԼ
Գնալով մեծանում է անապատը եկեղեցում, և պակասում մարդկային բազմությունը տաճարներում։ Դա` մի կողմից, իսկ մյուս կողմից` ավելի բազմամարդ են դառնում էկումենիստական (տիեզերական) համագումարները։ Սակայն Սմարագդա մայրիկն ասում էր իր աշակերտուհուն. «Թեկուզ և բոլորովին մենակ մնաս եկեղեցում, կանգնի՛ր»։ Ե՛վ տաճարում` ժամերգություններին հաճախելու իմաստով, և՛ եկեղեցում` նրան հավատարիմ լինելու իմաստով։ Եվ Սմարագդան էլ միշտ կրկնում էր. «Մենք մոտենում ենք կնիքներին»։
Կրոնական մտքի պայծառացումները որոշ գրողների, օրինակ, Դոստոևսկուն և Պաստեռնակին, ուղարկվում էին աշխարհին Աստծո կողմից իրենց ժամանակվա կրոնական պակասող գրականության ինչ-որ լրացման համար, ինչ-որ հոգևոր փոխարինման համար։ Երբեմն դրանք կարելի է գնահատել որպես Բաղաամի էշի «ձայն բարբառո», որը կանգնեցրեց մարգարեի խելագարությունը։
Ընդ որում, հետաքրքիր է, որ ամբողջ կրոնական թանկագինը, որ գոյություն ունի համաշխարհային գրականության մեջ, սկիզբ է առնում ոչ թե գիտաաստվածաբանական ռացիոնալիզմից, այլ եկեղեցու ճշմարիտ մատենագրության ոսկե գանձերից։ Ահա մի օրինակ։ Սուրբ հայրերը շատ էին խորհուրդ տալիս անգիր անել Նոր կտակարանի և Սաղմոսաց գրքի առանձին կտորները` նրանցով մշտապես ապրելու համար։ Բրեդբերին, իհարկե, այդ մասին չգիտեր, երբ քրիստոնեական քաղաքակրթության մարդկանց սրտերում, որոնք ապրում էին ատոմային վայրենացման պայմաններում, դրեց Ավետարանի գլուխներն անգիր անելու գաղափարը, որպեսզի կարողանային դրանք կրել իրենց մեջ այդ խավարում որպես մարդկության ոսկե օղակներ։
Կարծում եմ, հայրերի և վիպասանի այդ խորհուրդը հարկավոր է և մեզ իրականացնել, մտցնելով մեր ամենօրյա աղոթքի կանոնի մեջ Նոր կտակարանի որոշ ամենասիրված կտորները, որոնք անգիր են արված։ Դա մեզ կարող է դեռ շատ պետք գալ։
Գոգոլը հրատարակեց իր բարեպաշտ «Նամակագրությունը» ամենաբարի ուղղափառ մտադրություններով, իսկ Օպտինի ծերերը նրան չէին վստահում։ Եկեղեցական Արևմուտքում Թովմա Աքվինացու «Աստվածաբանության էությունը» համարվում է կաթոլիկ եկեղեցու աստվածաբանական հիմքը, իսկ Բերդյաևը հստակ է արտահայտվել այդ գրքի մասին. «Եթե ես ընթերցեի այն ամբողջությամբ, երևի դառնայի անհավատ»։
Եվ ընդհակառակը, կարելի է մոտենալ հավատքին կամ ամրապնդվել նրանում Լերմոնտովի, Տյուտչևի, Պաստեռնակի կամ Բլոկի բանաստեղծությունների միջոցով։ Էլ չեմ խոսում Դոստոևսկու կամ Լեսկովի մասին։ Ինձ մտերիմ մի մարդ, որը մի տարի էր նստել մենախցում Դոստոևսկու գիրքը ձեռքին, այդ ընթացքում անհավատից դարձել էր հավատացյալ։ Բրեդբերիի մասին ինչ-որ մեկն ասել է, որ նրա ստեղծագործություններն Արևմուտքի հայտնության ըմբռնումն են։
Իսկ ինչպիսի՞ եզրակացություն կարելի է անել այս ամենից։ Հարկավոր է և դրանո՞ւմ լինել «օձի պես իմաստուն և աղավնու նման պարզ»։ Գրականությունը լեփ-լեցուն է քաոսով և փչացածությամբ։ Ոչ միայն պետք չէ, այլև ուղղակի վնասակար է ընթերցել իրար հետևից, առանց ընտրելու։ Սակայն չպետք է ժխտել լույսը տեսնելու հնարավորությունը այդ մութ անտառում ևս։ Եթե մարդիկ Աստծուց են, ապա նրանց ոտանավորներն էլ կարող են լինել Աստծուց։
Որոշ երիտասարդ քրիստոնյաներ առանց ընտրելու ընդունում են որպես ճշմարտություն այն ամենը, ինչը եղել է նախահեղափոխական գրականության մեջ։ Այն չարությունը, որը մենք տեսնում ենք ժամանակակից եկեղեցում` անտարբերությունը մարդու նկատմամբ, արտաքինը ամեն ինչում, նույնիսկ սխրանքի մեջ (եթե նա կա) և աղոթքում, սահմանների ջնջումը եկեղեցու և պետության միջև, աշխարհիկացում, աստվածաբանական ռացիոնալիզմը, կյանքն ըստ մարմնի, այլ ոչ թե ըստ Աստծո Հոգու. այդ ամբողջը այն ժառանգությունն է, որը մենք ստացել ենք անցյալից։ Իմ հայրը շատ ուղղափառ քահանա էր, օպտինյան հայրերի աշակերտ, սակայն հիշում եմ, թե ինչպես էր տառապում նախահեղափոխական եկեղեցականության հեղձուցիչ, նախաամպրոպային օդում։ Բավական է ասել, որ Սինոդը եկեղեցուց վտարեց Տոլստոյին, իսկ Ռասպուտինին ոչ միայն չվտարեց, այլև այդ մարդը գտնվում էր բարձրագույն ուղղափառ հիերարխիայի (նվիրապետություն) համարյա թե հենց կենտրոնում։
Մի քանի տող բերեմ հորս մասին իր հոգևոր դուստրերից մեկի հուշերից։
«Առաջին համաշխարհային պատերազմից առաջ,- գրում է նա,- հայր Իոսիֆը վերապրել էր ինչ-որ մեծ, ցնցող զգացում։ Դրա մասին ինձ պատմում էր կինը նրա մահից հետո (1918 թվին)։ Նա հիշում էր, թե ինչպես հայր Իոսիֆը, նստած անկյունի պատուհանի մոտ, որը դուրս էր գալիս դեպ Արբատ, և, նայելով փողոցի հեռավոր տարածությանը, կարծես պատմության հեռապատկերին, խոսում էր մեր երկրի հանդեպ իր հավատի կորստի մասին. «Ես հավատում էի, որ ռուս ժողովուրդն ուղղափառության կրողն է։ Գուցե և եղել է, բայց գնաց կորավ...»։ 1914 թվի համաշխարհային պատերազմի սկզբին երազանք կար «Սուրբ Սոֆյայի գլխի խաչի» մասին (Կոստանդնուպոլսում)։ Իսկ մինչ այդ, երբ պատմականորեն պարզ դարձավ, որ դա անիրականանալի է, հայր Իոսիֆն ասում էր. «Մեր ինչի՞ն է սուրբ Սոֆյան։ Ո՞վ պետք է մտնի այդ տաճարը։ Ռասպուտի՞նը»։ Նախահեղափոխական եկեղեցականությունը գնալով ավելի շատ էր կորցնում սերն ու սրբությունը։
Տաճարի երեցփոխը մի հաղթանդամ ծերունի էր։ Երիտասարդ ժամանակ, մինչև հեղափոխություն, նա հասցրել էր դառնալ կաշեգործարանի սեփականատեր, և այդ անցյալում նրա համար ամեն ինչը և՛ ծանրակշիռ էր, և՛ կանոնավոր։ Նույնիսկ այն, որ Մոսկվայից Նիժնի Նովգորոդի տոնավաճառ ամեն տարի ուղարկում էին ծախու կանանց մի ամբողջ վագոն։ Նա լավ տնտես էր և եկեղեցու նյութականի նկատմամբ ցուցաբերում էր ջանասիրություն։ Նա կարող էր, օրինակ, պատարագի պահին մտնել բեմ իր ծանր քայլվածքով և ցուցում տալով զոհասեղանի դիմաց կանգնած քահանային, ափի մեջ ալյուրի մի պտղունց, արտասանել. «Տեսե՛ք, թե ինչ շարմաղ ալյուր եմ ճարել. նայե՛ք ու հիացե՛ք»։ Ամենից շատ նրան չէին սիրում այն մարդիկ, ովքեր մոմ էին վառում սրբապատկերի առաջ. հենց մի քիչ վառվում էին, նա արդեն դանդաղ, բայց անվարան գնում էր դրանք հավաքելու, որովհետև դա ձեռնտու էր եկեղեցու եկամտի համար։ Նա հոգում էր և իրեն ենթարկվող մարդկանց մասին, չնայած տաճարում ծառայում էր երեք, երբեմն և չորս քահանա. նա պահանջեց, որ ծառայողների համար նշանակվեր հանգստյան օր։ Ավագ քահանան փորձում էր առարկել. «Տեր Աստծու մոտ հանգստյան օր չկա»,- ասում էր նա, բայց փոխերեցը, իհարկե, իր ասածն արեց։
Հենց նույն այդ տաճարում ամեն պատարագի ժամանակ գավթում կանգնած էր մի միանձնուհի։ Նա շատ փոքրիկ էր, համարյա թե կույր, արտասովոր հեզահամբույր և լուսավոր։ Նրանից լույս էր տարածվում, և ես սիրում էի կանգնել նրանից ոչ հեռու։ Նրա անունը Անֆիսա էր։ Հիշում եմ, մի օր «Քեզ ենք գովաբանում» երգելու պահին, ես լսեցի, թե ինչպես նա, ծնկաչոք և դեմքը հատակին խոնարհած, արտասանում է այն աղոթքը, որն այդ րոպեին պետք է արտասաներ քահանան զոհասեղանի առաջ. «Տե՜ր բարերար, ուղարկի՛ր Քո Հոգին Սուրբ, աղաչում ենք Քեզ»։ Այդ տաճարում կատարվում էր մեծ խորհուրդը հանուն Անֆիսայի նման նվիրյալների։
«Բոլորի հետ ջանացեք ապրել խաղաղությամբ և սրբությամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի» (Եբր. 12, 14)։
«Աստծո տաճարը սուրբ է, իսկ այդ տաճարը դուք եք» (1 Կոր. 3, 17)։
Իսկ «ով մեղք է գործում, նա սատանայից է» (1 Հով. 3, 8), այսինքն` նա տաճարից չէ, եկեղեցուց չէ, մինչև որ չապաշխարի։ Եկեղեցում գոյության մշտականության համար անհրաժեշտ է ապաշխարության մշտականություն։ Ահա թե որ կողմից է լուսաբանվում բոլորի համար մշտական զղջման աղոթքի անհրաժեշտությունը. «Մեղք եմ գործել երկնքի և Քո առաջ. ընդունի՛ր ինձ որպես մի վարձկանի»։
Սերը կամքի հատկություն է, կամ, ինչպես ասում էր միտրոպոլիտ Նիկոլայ Կավասիլան (XIV դար), «կամքի առաքինություն»։ Աստված սպասում է մեզնից միայն մեր այդ կամքը, որն ուղղված է իրեն, այսինքն` սերը, և Ինքն իրեն տալիս է մարդկանց ոչ թե նրանց գործերի կամ սխրանքների համար, կարծես ինչ-որ վարձատրմամբ, այլ միմիայն այդ սեր-կամքի, Իր գոյության տենչանքի, ապրելու կամքի։ Սեր-Աստվածը սեր է սպասում, և այդ պատճառով սպասում է նրան ուղղված կամքը։ Մարդն ամբողջովին նախնական մեղքի կապանքների մեջ է ու ինքնին ոչինչ չի կարող անել, որ գտնի Աստծուն, այսինքն` սեփական փրկությունը, բացի նրանից, որ տենչա Նրան, ձգվի առ Նա սեփական կամքով։ Եվ Աստված, տեսնելով այդ ազատ կամքը, տալիս է մարդուն Իր շնորհի օգնությունը, որի միջոցով էլ նրան մոտեցնում է Իրեն և կատարում նրանում իր բոլոր բարի գործերը։ Ոչ թե մարդն է կատարում դա սեփական ուժով, այլ Աստծո շնորհը` հանուն մարդկային կամքի, այսինքն` հանուն սիրո, որը բացահայտել է իրեն «աշխատասեր գործունեության» փորձով` սխրանքի մեջ։ Հենց դրա վրա է հիմնված եկեղեցու ուսմունքը մարդու անհատույց փրկության մասին, խոնարհ հավատքի պատճառով, այլ ոչ թե որպես վարձատրություն, ինչպես սովորեցնում է Հռոմը։ Սխրանքը Աստծո նկատմամբ միայն կամավոր դրսևորումն է կամ հատկանիշը։ Հոգևոր աշխատանքը միանգամայն պարտադիր է, սակայն այն ամենը, ինչ ձեռք է բերում մարդը, իրենը չէ, այլ Աստծունն է, և նա արժանանում է դրան ոչ թե աշխատանքի միջոցով, այլ Աստծո ողորմածությամբ։ «Եթե մենք բարձրանանք թեկուզ առաքինության գագաթնակետը, միևնույն է` փրկվում ենք միայն Իր գթածությամբ» (Հով. Ոսկեբերան)։
Դա քրիստոնեության ամենազարմանալի և ամենաուրախալի անտինոմիաներից (հակաօրինություն) մեկն է։
ՈՒրախալի է գիտակցել, վերջապես, որ դու ոչինչ ես և որ «ամենը Իրենից է, Իր միջոցով է և ուղղված է Իրեն։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից»։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ